Home > Կյանքը բանակից հետո > Բանակ…Գնալ, թե չգնալ

Բանակ…Գնալ, թե չգնալ

 

Դու ծնվել ես ճիշտ ժամանակին,
Դու զինվոր ես հայոց բանակի…

 
Բարև սիրելի ընթերցող… Երկար ժամանակ է գրառում չէի արել իմ բլոգում..Երկար ժամանակ, ավելի կոնկրետ երկու տարի, քանի որ կատարում էի իմ քաղաքացիական պարտքը` ծառայում էի հայրենիքիս: Այժմ, երբ արդեն զորացրվել եմ, ցանկանում եմ Ձեզ հետ խոսել բանակի լավ և վատ կողմերի մասին, նշել պարտադիր զինվորական ծառայության դրական և բացասական կողմերը: Գնացինք:
Եկել է ժամանակը, անցել են դպրոցական անհոգ տարիները և ահա տան դուռը թակում են զինվորական համազգեստով մարդիկ և խնդրում ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ(այսուհետ Զ/կ): Ուրախանալ, թե տխրել, ծառայել թե ամեն տեսակ զարտուղի ճանապարհներով խուսափել ծառայությունից: Այդ մասին կխոսենք տվյալ հոդվածի շրջանակներում:
Պարտադիր զինվորական ծառայության թեմայով միշտ էլ ցանկացել եմ ներկայացնել իմ հայեցակարգը: Վերջին տասնամյակում հայ հասարակության ժողովրդայնացումը շատ բաներ է փոխել մեր կյանքում: Մենք մտել են հասարակական հարաբերությունների մի նոր փուլ և սովետական համընդհանուր արժեքները` ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելը, նետվել են պատմության աղբահորը: Այժմյան հասարակությունը տաբեր կերպ է ընդունում պարտադիր զինվորական ծառայության անհրաժեշտությունը, ուստի, ես կփորձեմ առանձնացնել դրական և բացասական կողմերը:
Մեր օրերում օրեցօր, ժամ-առ-ժամ շատանում և բազմանում են արատավոր բարքերը` անբարոյականությունը, ամենաթողությունն ու անարգանքը: Հայրենական դարավոր մշակույթին հակադրվում է բռնության, ցինիզմի, տգիտության և բարոյազրկման պաշտամունքը: Արժեզրկվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պարտք, պատվախնդրություն, նամուս, Հայրենիքին ծառայելը… Բնակչության մի ստվար զանգվածի մոտ գերիշխում է էքստրեմիստական, նացիոնալիստական հակաբանակային տրամադրություն: Աշխարհայացքային, իդեոլոգիական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար: Անհրաժեշտ են լուրջ, արմատական փոփոխություններ հասարակության գիտակցման մեջ, անրաժեշտ է երիտասարդության շրջանում արթնացնել հայրենասիրության զգացումը, զինվորական ծառայության կարևորության գիտակցությունը, Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը:
Իսկ ինչ կարող է տալ բանակը երիտասարդին…շատ բաներ, մասնավորապես`

Պարտադիր զինվորական ծառայության դրական կողմերը

    • Ճանաչում ես հայրենի եզերքը, տեսնում ես, թե ինչպիսին է կյանքը քո բնակավայրից (քաղաքից, գյուղից) դուրս: Նոր վայրեր ես տեսնում, ծանոթանում ես  հայկական բնաշխարհի հետ` հնարավորինս էքստրեմալ պայմաններում:

  • Բարելավում ես առողջությունը: Ցանկանաք, թե ոչ, բայց բանակային կյանքը լավ ազդեցություն է ունենում առողջության վրա` ամենօրյա ֆիզիկական մարզումները, սպորտ-մասսայական միջոցառումները, օրվա կարգացուցակը, հավասարակշռված, հաշվարկված սնունդը միանգամայն բերում են առողջության ամրապնդման և մարտական ոգու բարձրացման:
  • Կոփում ես բնավորությունը (տարբեր, խճճված իրավիճակներում կողմնորոշվելու ունակության զարգացում): Ինչպես ամեն մի էքստրեմալ իրավիճակ, այնդպես էլ բանակը միանշանակ իր հետ բերում է բնավորության փոփոխություն; Բանակային երկու տարիների միջով անցած երիտասարդը դառնում է ավելի կայուն, ամուր, աշխատունակ:
  • Ձեռք ես բերում մասնագիտության: Երիտասարդների ճնշող մեծամասնությունը բանակ է զորակոչվում է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո և ոչ-մի մասնագիտություն չի ունենում: Սակայն բանակն այնպիսի վայր է, որտեղ անգործ չեն նստում սովորաբար, ուստի կարելի է որևէ զբաղմունք ունենալ և ձեռք բերել անհրաժեշտ օգտակար հմտություններ: Բացի դրանից, ամեն մի զինծառայող ուսումնական փուլն ավարտելուց և զինվորական երդում ընդունելուց հետո նշանակվում է որևէ հաստիքի, լինի հրաձիգ, կապավոր, հրետանավոր, սակրավոր թե հետախույզ: Տվյալ զինծառայողը երկու տարիների ընթացքում հմտանում է իր մասնագիտության մեջ և իր քաղաքացիական մասնագիտությունից բացի ունենում նաև երկրորդը` զինվորականը:
  • Առավել հեշտացված պայմաններում ԲՈՒՀ  կարող ես ընդունվել: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ բանակից զորացրվածները ԲՈՒՀ ընդունվելիս օգտվում են հատուկ` առավել հեշտացված պայմաններից:
  • Առավելություններ աշխատանքի ընդունվելիս: Պարտադիր զինվորական ծառայությունը չանցած քաղաքացիներն ընդհանրապես չեն կարող աշխատանքի ընդունվել որոշակի հաստատությունում` թե պետական, թե մասնավոր, քանզի եթե չես ծառայել, ապա առողջության (թե ֆիզիկական, թե մտավոր) հետ խնդիրներ ունես, իսկ գործատուին պետք չէ հիվանդ կամ անհուսալի աշխատակից:
  • Գնահատում ես քո ունեցածը: Թերևս բանակի մեծագույն պարգևն այն է, որ ծառայությունից հետո սկսում ես գնահատել այն ինչ ունես, ազատ կյանքը, ազատ շփումը, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը: Սկսում ես գնահատել ծնողներին, եղբայրներին, քույրերին, ընկերներին և ընդհանրապես, այն ինչ ունես, այն ինչի հասել ես քո կենսագործունեության ընթացքում:

Պարտադիր զինվորական ծառայության բացասական կողմերը

  • Ժամանակի կորուստ: ԵՐԿՈՒ տարին իրականում քիչ ժամանակ չէ, ավելի հեշտ և հաճելի է ապրել այդ ժամանակահատվածը ընտանիքի, սիրելի աղջկա և զվարճությունների մթնոլորտում, քան թե գլուխ դնել տարատեսակ մարդ-արարածների հետ զորանոցում: Բանակ գնալ չցանկացողների ճնշող մեծամասնությունն արդարանում է ասելով, թե բանակն անտեղի ժամանակի վատնում է: Բայց արդյոք դա այդպես է: Արդյոք քաղաքացիական կյանքում այդ երկու տարին չեն վատնում երիտասարդները? Բանակում չծառայած ծանոթներիս մեծամասնությունը (բացառությամբ մեկ երկուսի) այդ երկու տարին իմաստալից և արդյունքվետ չի անցկացրել, մի քանիսն անգամ պարտքերի ճահճում են հայտնվել անգործությունից:
    Իսկ ինչ վերաբերվում է բանակին, ապա հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը չի կարելի համարել ժամանակի անտեղի վատնում: Տասնութամյա երիտասարդների չնչին մասն է այդ երկու տարին իմաստալից անցկացնում: Ով ընդունվում է ԲՈՒՀ տարեկետում է ստանում, իսկ մյուսները թրև են գալիս զանազան բառերում և փաբերում, փչացնելով առողջությունը բազմազան նյութերով` ալկոհոլ, ծխախոտ, անկանոն սնունդ:
  • Զինվորական ծառայության ցածր վարկանիշը: Իրականում զինվորական ծառայության վարկանիշն այդքան էլ բարձր չէ հասարակության շրջանում: Ցավալի է, բայց փաստ է: Սակայն Պաշտպանության նախարարությունը միշտ էլ նպատակասլաց աշխատանք է տանում զինվորականի սոցիալական վարկանիշի բարձրացման ուղղությամբ, և ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս խնդիրը կլուծվի:
  • Հարազատների և ընկերների հետ բաժանում: Թերևս ամենակարևոր պատճառն է, ինչի հետևանքով երիտասարդները չեն ցանկանում ծառայել: Ընտանիքի, սիրելի աղջկա և ընտանիքի հետ բաժանումն այդքան էլ հաճելի չէ: Սակայն Պաշտպանության նախարարի հրամանով յուրաքանյուր ամսվա վերջին կիրակին բոլոր զորամասերում համարվում է <Բաց դռների օր>, ծնողներին և հարազատներին թույլատրվում է տեսակցել իրենց ծառայող որդիներին և ընկերներին: Որոշ զորամասերում անգամ ամեն կիրակի կարելի է տեսակցել ժամկետային զինծառայողներին: Մեր զորամասում երբ զինվորի մոտ ծնող էր գալիս, զինվորը զեկուցագիր էր գրում և նրան տրամադրվում էր ազատ արձակում 4-6 ժամով հարազատներին տեսակցելու համար:
  • Ֆիզիկական և էմոցիոնալ մեծ ծանրաբեռնվածություն: Բանակը բանակ է, որտեղ էլ բախտ վիճակվի ծառայել հեշտ չի լինի միանշանակ` լինի թիկունքային թե մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Սակայն տղամարդ հենց դրա համար էլ տղամարդ է կոչվում, որպեսզի կարողանա տանել գոռ բախտի պարսաքարերն ու սլաքները, ինչպես կասեր Վ. Շեքսպիրը:Խիստ կարգապահություն: Ինչ էլ ասենք, բանակն առանց կարգապահության դատապարտված է կործանման: Կարգապահության ապահովման նպատակով սահմանափակվում են քաղաքացիական ազատություններն ու իրավունքները, ինչը սկզբնական շրջանում դժվարությամբ է ընդունվում նորակոչիկների կողմից:

Արդյունքում

Ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ ծառայությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր և միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Ամեն մեկը պետք է ինքն իր համար պատասխանի տվյալ հարցին: Հասարակության և բանակի բոլոր բացասական կողմերը հաշվի առնելով, այնուամենայնիվ կա բավականին լուրջ, կարևոր պատճառ, որի համար երիտասարդները գնում են ծառայության` մեր բոլորի անվտանգությունը: Հայոց բանակը հասարակության պաշտպանության հուսալի վահանն է… Ազգը պետք է սիրի և պաշտի իր բանակին և միշտ հիշի մեծագույն զորավար, ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի այս խոսքերը.

Այն ազգը, որ չի կերակրում իր բանակը, ստիպված կլինի կերակրել թշնամու բանակը…

  1. զեյթունիկ
    June 21, 2014 at 4:07 pm

    Բարի վերադարձ ։Դ

    • June 21, 2014 at 7:00 pm

      Շնորհակալություն

  2. June 22, 2014 at 8:17 am

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  3. July 4, 2014 at 10:03 pm

    Շատ բովանդակալից հոդված էր: Սպասենք նորանոր գրառումների: Բարի վերադարձ

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: